3 մարտի 2011 - 16:14 AMT
Հայաստանի պլաստիկ վերականգնողական և Էսթետիկ վիրաբույժների ասոցիացիան կազմակերպում է ոլորտի խնդիրներին նվիրված միջազգային համաժողով

Համաժողովի շրջանակներում կկազմակերպվեն պլաստիկ վիրաբուժության ասպարեզում թողարկվող արդյունաբերական արտադրանքի ցուցադրություններ

Հայաստանի պլաստիկ վերականգնողական և Էսթետիկ վիրաբույժների ասոցիացիան (AAPRAS www.aapras.org) 2011 թ. հունիսի 28-30-ը կազմակերպում է ոլորտի խնդիրներին նվիրված միջազգային համաժողով: Այն անցկացվելու է Պլաստիկ վերականգնողական եւ էսթետիկ վիրաբույժների եվրոպական միության հովանավորության ներքո:

Համաժողովին մասնակցելու են ինչպես սփյուռքի գործընկերները, այնպես էլ միջազգային փորձագետներ եւ դասախոսներ Եվրոպայից, Միացյալ Նահանգներից, Ռուսաստանից, Վրաստանից: Համաժողովի շրջանակներում կկազմակերպվեն պլաստիկ վիրաբուժության ասպարեզում թողարկվող արդյունաբերական արտադրանքի ցուցադրություններ:

Պլաստիկ վիրաբուժության համաշխարհային զարգացումները լայն հասարակայնությանը ներկայացնելու նպատակով համաժողովի շրջանակներում կազմակերպվելու է հանրային օր /Public day/ լրատվամիջոցների մասնակցությամբ: