3 մարտի 2011 - 19:48 AMT
Մոսկվան ղարաբաղյան հակամարտության կողմերին դրսից բաղադրատոմսեր հրամցնելու դեմ է

ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է հիմնական բանակցային հարթակ մնա Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում: Այդ մասին ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստում հայտնել է ԵԱՀԿ առընթեր Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Անվար Ազիմովը:

«Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, ինչպես նաև երկկողմ ձևաչափում մենք պատրաստ ենք ձեռնարկել մեզանից կախված ամեն բան, որպեսզի կողմերին օգնենք մոտեցնել երկար սպասված կարգավորումը»,- հայտնել է նա: Ազիմովի խոսքով, Ռուսաստանի դիրքորոշումը հետևողական և անփոփոխ է. Մոսկվան ղարաբաղյան հակամարտության կողմերին դրսից բաղադրատոմսեր հրամցնելու դեմ է:

«Ընդ որում, մենք ելնում ենք այն բանից, որ հակամարտության կարգավորման տարբերակի վերջնական ընտրության գլխավոր պատասխանատվությունը պետք է կրեն հայկական և ադրբեջանական կողմերը: Ռուսաստանը պատրաստ է սատարել խնդրի լուծման այն տարբերակը, որը ձեռնտու կլինի բոլոր ներգրավված կողմերին, իսկ փոխզիջումային պայմանավորվածության ձեռքբերման դեպքում` հանդես գալ որպես կարգավորման երաշխավոր»,- ասել է Ազիմովը:

Ռուսաստանի մշտական ներկայացուցիչը հույս է հայտնել, որ այս տարվա մարտի 5-ին Սոչիում նախատեսված հերթական եռակողմ հանդիպումը կամրապնդի այդ դրական միտումը, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: