ՄԱԿ-ը դատապարտում է քաղաքացիների դեմ բռնության ակտերը: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնել է Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգող Դաֆինա Գերչևան` մեկնաբանելով երեկ Երևանում ՀՀ կառավարության շենքի դիմաց կայացած հանրահավաքի ցրումը:
«Ես գտնում եմ, որ նման միջադեպերը չպետք է տեղ գտնեն: Ես տեղյակ չեմ կատարվածի մանրամասներից և գտնում եմ, որ նախքան նման միջադեպերը մեկնաբանելը անհրաժեշտ է ունկնդրել երկու կողմերին»,- ասել է Դաֆինա Գերչևան:
Միևնույն ժամանակ Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգողը հայտնել է, որ Երևանում փողոցային առևտրի արգելման հետ կապված խնդիրը լուծելու համար քաղաքի իշխանություններն այլընտրանքային լուծումներ են առաջարկել, ինչը նշանակում է, որ Երևանի քաղաքապետարանն աչք չի փակում այդ խնդրի վրա:
Փողոցային առևտրականները, որոնք արդեն մի քանի շաբաթ շարունակ բողոքում են փողոցային առևտրի արգելման մասին Երևանի քաղաքապետարանի որոշման դեմ, ծրագրում էին մարտի 3-ի առավոտյան բողոքի ցույց անցկացնել Հայաստանի կառավարության շենքի դիմաց: Ոստիկանները թույլ չտվեցին ակցիայի մասնակիցներին հավաքվել կառավարության շենքի մոտ: Արդյունքում ցուցարարների, դեպքի վայրում հավաքված «Ժառանգության» պատգամավորների և ոստիկանների միջև ընդհարում տեղի ունեցավ: