Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանանց տոնի կապակցությամբ: Ուղերձում մասնավորապես ասվում է. «Շնորհավորում եմ մեր մայրերին, տիկնանց, քույրերին, դուստրերին Կանանց տոնի կապակցությամբ:
Կնոջ դերը թե՛ մեր ընտանիքներում, թե՛ հասարակության մեջ միշտ էլ բացառիկ է եղել: Հայաստանի առաջին Հանրապետությունն աշխարհի այն փոքրաթիվ պետություններից էր, որտեղ կանանց շնորհվել էր ընտրելու և ընտրվելու իրավունք: Ուրախալի է, որ այսօր էլ մեր հանրային կյանքի բոլոր ոլորտներում կանայք ստանձնել են յուրահատուկ դերակատարում: Կանանց մասնակցությունը հարստացնում է հասարակական կյանքն ու ամրապնդում մեր արժեքները, ավելացնում հավատն ու վստահությունը ապագայի հանդեպ»:
«Սիրելի՛ կանայք, դուք թանկ եք մեզ համար տարվա բոլոր օրերին, իսկ այս տոնը պարզապես գեղեցիկ առիթ է` արտահայտելու մեր սերն ու հիացմունքը, մեր հարգանքն ու երախտագիտությունը ձեր նկատմամբ:
Կրկին շնորհավորելով Մարտի 8-ի առթիվ` մաղթում եմ ձեզ ամենայն բարիք: Թո՛ղ ձեր ընտանիքներում և ձեր սրտերում միշտ իշխեն սերն ու ներդաշնակությունը»,-ասվում է ուղերձում, հայտնում է նախագահի մամլո ծառայությունը: