Ադրբեջանի և Թուրքիայի միջև ռազմական համագործակցությունը նշանակություն ունի ոչ միայն Ադրբեջանի Զինված ուժերի, այլև տարածաշրջանում խաղաղության և անվտանգության հաստատման համար: Այդ մասին հայտնել է Թուրքիայի պաշտպանության նախարար Վեջդի Գենուլը:
Նախարարի խոսքով, Թուրքիայի և Ադրբեջանի միջև ռազմական համագործակցությունը կարևոր դեր է խաղալու Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի միջև համագործակցության համար ներուժի զարգացման գործում: «Թուրքիան սատարում է եվրոատլանտյան կառույցներում Ադրբեջանի ինտեգրման ջանքերին»,- ասել է նա:
«Թուրքիայի և Ադրբեջանի համագործակցությունը պաշտպանական արդյունաբերության ոլորտում պատշաճ մակարդակով չի իրականացվում, և Թուրքիան ցանկանում է ամրապնդել այդ համագործակցությունը»,- նշել է Թուրքիայի պաշտպանության նախարարը:
Նրա խոսքով, Թուրքիան պատրաստ է ամենաընդունելի պայմաններով բավարարել Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության ապրանքի և զինվորական համազգեստի պահանջները, ինչպես նաև մասնակցել համատեղ արտադրությանն ու տեխնոլոգիաների փոխանակմանը:
1998 թվականին Ադրբեջանում գրանցվեց թուրքական ASELSAN ընկերության ներկայացուցչությունը Բաքվում, որի հիմնական գործունեությունը մարքեթինգն է, հիմնադիր ընկերության արտադրանքը հանդիսացող բարձր տեխնոլոգիական հաղորդակցական համակարգերի վաճառքն ու հետվաճառքային սպասարկումը:
Փետրվարին Աբու Դաբիում կայացած «IDEX-2011» միջազգային ցուցահանդեսի շրջանակներում Ադրբեջանն ու Թուրքիան ռեակտիվ հրթիռների համատեղ արտադրության մասին համաձայնագիր կնքեցին: Փաստաթղթի համաձայն, Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարությունն ու թուրքական ROKETSAN ընկերությունը ձեռնամուխ կլինեն 107 և 120 միլիմետրանոց ռեակտիվ հրթիռների արտադրությանը, հաղորդում է Trend-ը: