Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը կմասնակցի մարտի 12-ին Փարիզում կայանալիք հանրահավաքին, որը տեղի կունենա Ֆրանսիայի Սենատի առջև: Հանրահավաքի մասնակիցները պահանջելու են ընդունել Հայոց ցեղասպանության քրեականացման մասին օրենքը: Ազնավուրի մասնակցությունը հանրահավաքին, որպես ֆրասահայի կերպարի մարմնացում, եզակի իրադարձություն է երգչի կյանքում: «Նա կյանքում առաջին անգամ կմասնացկի բողոքի քաղաքական ցույցի»,-գրում է Nouvelles d'Arménie-ին: Բողոքի ցույցին, որի կազմակերպիչն է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը, կմասնակցեն նաև Պատրիկ Դևեջյանը, Բերնար-Անրի Լևին, Սերժ Կլարսֆելդը:
2006թ. հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայի Ազգային ժողովը օրինագիծ ընդունեց Հայոց ցեղասպանության քրեականացման մասին, սակայն Սենատը արգելափակեց օրինագծի ընդունումը:
WikiLeaks-ը մի փաստաթուղթ է հրապարակել, որի համաձայն Նիկոլյա Սարկոզին հավաստիացրել է Թուրքիային, որ Հայոց ցեղասպանության համար քրեական պատիժ սահմանող օրինագիծը «կթաղվի Սենատում», ինչը հարուցել է Ազնավուրի վրդովմունքը: