10 մարտի 2011 - 12:38 AMT
ՄԱԿ-ում բացվել է նկարիչ Էմմա Գրիգորյանի «Կինը եւ գարունը» խորագրով ցուցահանդեսը

ՄԱԿ-ի կենտրոնատեղիում Հայաստանի մշտական ներկայացուցչությունը կազմակերպել է ծագումով գյումրեցի նկարիչ Էմմա Գրիգորյանի «Կինը եւ գարունը» խորագրով ցուցահանդեսը, որի բացմանը մարտի 8-ին մասնակցել են օտարերկրյա առաքելությունների ղեկավարներ, դիվանագետներ, ՄԱԿ-ի քարտուղարության, հայ համայնքի եւ ԶԼՄ-ների ներկայացուցիչներ:

Ցուցահանդեսի բացման ընթացքում ելույթով հանդես են եկել ՄԱԿ-ում Հայաստանի դեսպան Կարեն Նազարյանը եւ ՄԱԿ-ի նորաստեղծ գենդերային միավորի (UN Women)-ի գործադիր խորհրդի նախագահ, Նիգերիայի դեսպան Ջոյ Օգվուն:

Շնորհավորելով կանանց միջազգային օրվա առթիվ` դեսպանները իրենց ելույթներում կարեւորել են հասարակական կյանքի բոլոր ոլորտներում հավասար իրավունքների եւ հնարավորությունների ապահովման, էգալիտար գենդերային մշակույթի ձեւավորման անհրաժեշտությունը, հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը:

Մեկ շաբաթ տեւողությամբ ցուցահանդեսը նվիրված է նաեւ ՄԱԿ-ի կանանց կարգավիճակի հանձնաժողովում Հայաստանի երկամյա նախագահության ավարտին: