10 մարտի 2011 - 17:05 AMT
Կարգապահական մեկուսարանի փոխարինումը վաշտով իսկական չարիք է հայկական բանակի համար, համոզված է Արթուր Աղաբեկյանը

Կարգապահական մեկուսարանի փոխարինումը կարգապահական վաշտով իսկական չարիք է հայկական բանակի համար: Այդ մասին Հայաստանի Զինված ուժերում կարգապահական կանոնադրության մասին օրինագծի շուրջ խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարարության նախկին փոխնախարար Արթուր Աղաբեկյանը: Նա համոզված է, որ որքան խիստ են լինում կարգապահական կանոնադրությամբ նախատեսված տույժերը, այնքան բանակի հրամանատարները խուսափում են զինծառայողների հետ ոչ կանոնադրական պահվածքից: Աղաբեկյանը նշել է, որ զինվորներին կարգապահական մեկուսարան ուղարկելը չի կարելի դիտարկել որպես ձերբակալություն: «1997-ին մենք մարդու իրավունքների հարցերով փորձագետների այցելությունների արդյունքում փակեցինք զորամասերի կարգապահական մեկուսարանները և տեղափոխեցինք դրանք ռազմական ոստիկանություն: Կարգապահական մեկուսարանը պետք է գտնվի զորամասում: Այն կոչված է սահմանափակելու զինվորի ազատ ժամանակը»,- ասել է ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարարը: