10 մարտի 2011 - 17:33 AMT
Հայաստանում բարձրացվում է միջազգային բեռանփոխադրումների անվտանգությունը

ՀՀ կառավարության մարտի 10-ի նիստում հաստատվել է Հայաստանի Հանրապետությունում հսկիչ սարքերում (թվային տախոգրաֆներում) օգտագործվող քարտերի ձևը և դրանց օգտագործման կարգը, որը բխում է «Միջազգային ավտոճանապարհային փոխադրումներ կատարող տրանսպորտային միջոցների անձնակազմի աշխատանքի մասին» համաձայնագրի պահանջներից և ենթադրում է ՀՀ տարածքից իրականացվող միջպետական բեռնափոխադրումների անվտանգության բարձրացում և միջազգային չափանիշներին համապատասխանեցում։

Դրա հետ կապված Տիգրան Սարգսյանը նշելէ , որ Հայաստանում առաջին անգամ են ներդրվում հսկիչ սարքերը և դրանցում օգտագործվող քարտերը։ «Մոտ ապագայում մեր բեռնափոխադրողները եվրոպական երկրներ մուտք գործելիս պետք է հետևեն այնտեղ գործող կանոններին»,- ասել է նա:

2011 թվականի հունվարի 1-ից հանրապետությունում կստեղծվի և կներդրվի թվային տախոգրաֆների նոր համակարգը, այս աշխատանքների ձեռքբերման նպատակով իր պահուստային ֆոնդից ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանը հատկացրել է 133,6 մլն դրամ։ Այդ որոշումն ընդունվեց դեկտեմբերի 9-ին կառավարության նիստում:

Ըստ այդ նոր համակարգի, միջպետական բեռնափոխադրումներ իրականացնող բոլոր տրանսպորտային միջոցները պետք է կահավորված լինեն թվային տախոգրաֆներով (հսկիչ սարք), իսկ դրանց վարորդները` ունենան թվային տախոգրաֆի քարտեր: Տախոգրաֆների տեղադրման անհրաժեշտությունը բխում է «Միջազգային ավտոճանապարհային փոխադրումներ կատարող տրանսպորտային միջոցների անձնակազմի աշխատանքի մասին» համաձայնագրի պահանջներից, որին Հայաստանը միացել է 2006թ.-ին:

Տախոգրաֆը չափման տեխնիկական սարք է, որը նախատեսված է ավտոմեքենայի ժամանակի, արագության, շարժման, վարորդների աշխատանքի և հանգստյան շրջանների անընդմեջ ինդիկացման ու գրանցման համար: