ԵԱՀԿ գործող նախագահ, Լիտվայի արտգործնախարար Աուդրյունուս Աժուբալիսը հաջորդ շաբաթ կայցելի Ադրբեջան, Հայաստան և Վրաստան: Կառավարությունների ղեկավարների և քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների հետ նա կքննարկի ԵԱՀԿ աշխատանքը տարածաշրջանում և Լիտվայի նախագահության առաջնահերթությունները ողջ 2011 թվականի ընթացքում:
Աժուբալիսը ծրագրում է հանդիպել Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի նախագահների, ինչպես նաև երեք հանրապետությունների քաղաքական կուսակցությունների ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: Տարածաշրջանում երկարաձգված հակամարտությունների լուծման գործում առաջընթացի ձեռքբերումը ԵԱՀԿ-ում Լիտվայի նախագահության առաջնահերթություններից մեկն է: Գործող նախագահը կքննարկի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացն ու համագործակցությունը ԵԱՀԿ հետ:
Աժուբալիսն այցով Բաքվում կգտնվի մարտի 13-ին և 14-ին, Թբիլիսիում` մարտի 15-ին և 16-ին և Երևանում` մարտի 17-ին և 18-ին: ԵԱՀԿ գործող նախագահի մամլո ասուլիսներ են ծրագրված բոլոր երեք երկրներում, հաղորդում է ԵԱՀԿ պաշտոնական կայքը: