Հայաստանի կառավարությունը հաստատել է պետական ֆինանսական աջակցության գնահատվող չափաքանակները, աջակցության չափերի ճշգրտման կարգը, ոռոգման ջրի կորուստների առավելագույն ընդունելի մակարդակները, ոռոգելի հողատարածքների նպատակային նվազագույն չափերը, ինչը թույլ կտա կանոնակարգել 2012-2016թթ. ջրօգտագործողների ընկերություններին ընթացիկ դրամաշնորհների տեսքով պետական ֆինանսական աջակցության տրամադրման գործընթացը:
Ջրային տնտեսության պետկոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանն ասել է, որ այդ ոլորտում ծրագրերի իրականացման համար 2011 թվականին պետբյուջեից 5,2 մլրդ դրամ է հատկացվել:
Այս կապակցությամբ Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը հիշեցրել է, որ պետությունը տարեկան ավելի քան 4 մլրդ դրամի չափով պետբյուջեից սուբսիդավորում է ոռոգման համակարգի ծախսը։ ՀՀ կառավարության ղեկավարն ավելացրել է նաև, որ Հայաստանում 2011-2012 թվականներին ոռոգման ջրի սակագները չեն փոխվի:
2010 թվականին ոռոգման ջրի սակագինը բարձրացվեց 8 դրամից մինչև 11 դրամ 1 խորանարդ մետր ջրի համար: