Երևանի Գաֆեսճեան արվեստի կենտրոնը մարտի 12-ից ապրիլի 10-ը «Հին խորհրդանիշերը նոր մատուցմամբ» ուսումնական ծրագրերի շարք կանցկացնի 12-17 տարեկան դեռահասների համար: Ծրագրերը նվիրված են Զատիկի, գարնան և վերածնության թեմաներին:
Առաջին դասընթացը տեղի կունենա մարտի 12-13-ը: Վարպետության դասը կանցկացնի հայ դիզայներ և ոսկերիչ Արման Դավթյանը (Նուռ):
«Ծրագրի նպատակն է դեռահասներին ծանոթացնել հայկական հին խորհրդանիշերին և նորերի ստեղծմանը: Մենք մասնակիցներին կապահովենք անհրաժեշտ նյութերով, իսկ վարպետության դասերից հետո նրանց աշխատանքները կցուցադրվեն մեր թանգարանի առաջին հարկում»,- PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասել է կենտրոնի մարքեթինգի և հասարակայնության հետ կապի բաժնի վարիչ Աննա Սիմոնյանը:
Շաբաթական երկու անգամ ծրագրված վարպետության դասերը կանցկացնեն դիզայներներ Լիլիթ Ստեփանյանն ու Լիլիթ Ավետյանը, ազգագրագետներ Սոնյա Թաշչյանն ու Լուսիկ Ագուլեցին: