11 մարտի 2011 - 09:32 AMT
Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները մտահոգված են ՀՀ ԱԺ պատգամավորի եղբոր ձերբակալությամբ

Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիան (FIDH) և նրա գործընկեր կազմակերություն Քաղաքացիական հասարակության ինստիտուտը (ՔՀԻ) դատապարտում են քաղաքական ընդդիմադիրների և նրանց ընտանիքների անդամների նկատմամբ վերջերս իրականացված և կրկնվող ոտնձգությունները։ FIDH-ը և Քաղաքացիական հասարակության ինստիտուտը կոչ են անում հայկական իշխանություններին իրականացնել Տիգրան Փոստանջյանի գործի անկախ և թափանցիկ հետաքննություն:

2011թ. փետրվարի 23-ին ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի եղբայրը՝ Տիգրան Փոստանջյանը, հրավիրվել է Ազգային անվտանգության ծառայություն (ԱԱԾ) և այնտեղ ձերբակալվել։ Հարազատներին թույլ չի տրվել նրան տեսակցել։

Ըստ 2011թ. փետրվարի 21–ի Գլխավոր դատախազության մամուլի հաղորդագրության՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 3111 (1) հոդվածի հիման վրա քրեական գործ է հարուցվել (Պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալը)։

Նախաքննությունը գտնվում է ԱԱԾ–ի վարույթում, մինչդեռ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 190–րդ հոդվածի առաջին մասի համաձայն 3111 հոդվածով նախատեսված հանցագործության նախաքննությունը պետք է կատարեն ոստիկանության քննիչները։

2011թ. փետրվարի 25–ին դատարանը որոշում կայացրեց կիրառել կալանքը որպես խափանման միջոց՝ պարոն Փոստանջյանի նկատմամբ։ Մարտի 2–ին նա տեղափոխվեց «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ, որտեղ շարունակաբար զգալի գերբնակեցում է արձանագրվում։

Ըստ փաստաբան Հայկ Ալումյանի՝ Տ. Փոստանջյանի տեղափոխումը վերջինիս նկատմամբ ճնշում գործադրելու փորձ է։

Կազմակերպությունները մտահոգված են այն հանգամանքով, որ քրեական գործի հարուցումը նպատակ ունի ճնշում գործադրել ընդդիմության ներկայացուցիչների նկատմամբ՝ նրանց ընտանիքների անդամներին հետապնդման միջոցով: Բացի այդ, FIDH-ը և ՔՀԻ-ն շարունակաբար քննադատել են Հայաստանի Հանրապետությունում մշտական բնույթ կրող չարաշահումները՝ նախնական կալանքի կիրառման և առհասարակ արդարադատության իրականացման ընթացքում։