11 մարտի 2011 - 13:39 AMT
ՄԱԿ-ը շարունակում է աջակցել Հայաստանին տնտեսական և սոցիալական զարգացման ճանապարհին

Մարտի 11-ին Երևանում քննարկել են 2010-2015թթ. զարգացման նպատակով օգնություն ցուցաբերելու ՄԱԿ-ի ծրագրերի իրագործման գործընթացը: Ռազմավարական փաստաթուղթը պատրաստվել էր Հայաստանի կառավարության և ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի համատեղ ջանքերով և լիովին համապատասխանում էր հանրապետության և ազգային առաջնահերթությունների զարգացման պահանջմունքներին:

«Հայաստանում ՄԱԿ-ի համակարգն իր հավաքական ու միասնականացված ներդրումներով աջակցում է սոցիալական փոխակերպման և մարդկային զարգացման առաջընթացին»,- ասել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Դաֆինա Գերչևան:

Իր հերթին, Հայաստանի ԱԳ փոխնախարար Արման Կիրակոսյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը բոլոր ջանքերը գործադրում է տնտեսական և սոցիալական զարգացումը խթանելու համար, իսկ ՄԱԿ-ի հետ սերտ համագործակցությունը թույլ կտա շարունակել սկսած բարեփոխումները:

Հայաստանի տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանն ասել է, որ 2010-2015թթ. զարգացման նպատակով օգնություն ցուցաբերելու ՄԱԿ-ի ծրագրերը համահունչ են կառավարության կողմից հաստատված մարզերի ներդաշնակ զարգացման հայեցակարգին: