Հայաստանում կան խնդիրներ, որոնք գոյություն են ունեցել ճգնաժամից առաջ, ծագել են դրա ընթացքում և առկա են հետճգնաժամային շրջանում, կարծում է Հայաստանում Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) մշտական ներկայացուցիչ Գիերմո Տոլոսան:
Չնայած նրան, որ Հայաստանը հեռու է ընկած համաշխարհային շուկաներից, չունի հարուստ բնական պաշարներ, այնուամենայնիվ, նա այլ ռազմավարական պաշարներ և չօգտագործվող պոտենցիալ ունի` սփյուռքը: «Հայաստանը պետք է կապիտալիզացիայի ենթարկի սփյուռքի ակտիվները և օգտագործի դրանք երկրի զարգացման օգտին: Դա կարևոր գործոն է, որը միացնում է արևելքն արևմուտքի հետ»,- մարտի 11-ին Երևանում ընթացող կլոր սեղանի ընթացքում ասել է Տոլոսան: Դրա հետ կապված` նա նշել է, որ սփյուռքի ներկայացուցիչների շարքում կան պրոֆեսիոնալներ, որոնք կարող են մակրոմակարդակում կանխատեսումներ կատարել:
«Հայաստանի տնտեսությունը. հայացք դրսից» թեմայով կլոր սեղանին մասնակցում են արտասահմանյան փորձագետներ, միջազգային ֆինանսական կառույցների ներկայացուցիչներ, ինչպես նաև տեղի ձեռնարկատերեր:
Իր հերթին, Մերիլենդի համալսարանի պորֆեսոր Մարի Էնը հավելել է, որ Հայաստանում ներդրումներ կատարելու սփյուռքի ցանկությունը մեծ է, սակայն այլ արտասահմանյան ներդրողների նման նրանք բախվում են գործարար միջավայրի անկանխատեսելիության հետ: «Դա կապված է Հայաստանում գործող կառավարման անարդյունավետ համակարգի հետ»,- ասել է նա: