Մարտի 10-ին Երևանում Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում տեղի ունեցավ վիրտուոզ ակորդեոնահար (բանդոնեոն) Մարիո Ստեֆանո Պիետրոդարկիի և Հայաստանի Պետական երիտասարդական նվագախմբի համերգը: Նվագախումբը ղեկավարում էր աշխարհահռչակ իտալացի դիրիժոր և կոմպոզիտոր Ռոբերտո Մոլինելին: Համերգի ընթացքում կայացան Ռոբերտո Մոլինելիի և Անտոնելա Բարբարոսայի բոլորովին նոր ստեղծագործությունների պրեմիերաները:
«Դա արդեն իմ չորրորդ համերգն է Հայաստանում և երկրորդ համատեղ աշխատանքը երիտասարդական նվագախմբի հետ: Նախկինում ես Հայաստանում ելույթ եմ ունեցել միայն Աստոր Պիացոլայի ստեղծագործություններով, բայց այս անգամ որոշեցի ներկայացնել իմ երկրի մի հատվածը, հատկապես Մոլինելիի հիանալի երաժշտությունը»,- ասաց Պիետրոդարկին: Նա նաև հավելեց, որ հաջորդ անգամ նա հաճույքով կաշխատի որևէ հայ կոմպոզիտորի հետ:
«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մաեստրո Մոլինելիին և Պիետրոդարկիին համատեղ աշխատանքի համար: Ես հպարտ եմ, որ մեր նվագախումբը մասնակցեց Մոլինելիի և Բարբարոսայի ստեղծագործությունների համաշխարհային պրեմիերաներին, ինչն իսկական տոն դարձավ լավ երաժշտության սիրահարների համար»,- PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի Պետական երիտասարդական նվագախմբի ղեկավար Սերգեյ Սմբատյանը: Նա հավելեց, որ նվագախմբի համագործակցությունն այդ երաժիշտների հետ շարունակվելու է նաև ապագայում:
Երևանում Պիետրոդարկիի համերգը նվիրված էր Աստոր Պիացոլայի 90-ամյակին: Համերգին հնչեցին Էնիո Մորիկոնեի, Նինո Ռոտայի, Ռոբերտո Մոլինելիի, Անտոնելա Բարբարոսայի և Աստոր Պիացոլայի ստեղծագործությունները: