Հայ-ռումինական առևտրատնտեսական և գիտատեխնիկական միջկառավարական համատեղ հանձնաժողովի հաջորդ նիստը տեղի կունենա 2012-ին Երևանում: Ինչպես հաղորդում է Հայաստանի տրանսպորտի և կապի նախարարության մամլո ծառայությունը, այդ մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել մարտի 10-ին Բուխարեստում կայացած Հայ-ռումինական առևտրատնտեսական և գիտատեխնիկական միջկառավարական համատեղ հանձնաժողովի 3-րդ նիստում:
Նիստի ժամանակ հայկական պատվիրակության ղեկավար, հանձնաժողովի համանախագահ, ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանը նշել է, որ երկու երկրների միջև առկա համագործակցությունը չի համապատասխանում իրական հնարավորություններին և այս առումով դեռևս բավականին անելիքներ կան: «Այսօր մեր հիմնական նպատակն է առավելագույնս բացահայտել մեր երկրների տնտեսական հնարավորությունները»,- ասել է նախարարը:
Նիստի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել խորացնել երկկողմ համագործակցությունը և շարունակել փոխադարձ աջակցությունը տրանսպորտի բնագավառի միջազգային կազմակերպությունների և նախաձեռնությունների շրջանակներում, մասնավորապես Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում (ՍԾՏՀԿ), ՏՐԱՍԵԿԱ-ի Միջկառավարական հանձնաժողովում և Միջազգային տրանսպորտային ֆորումում:
Միջկառավարական համատեղ հանձնաժողովի 3-րդ նիստի ավարտին կողմերը ստորագրել են համատեղ արձանագրություն, որտեղ ամփոփվել են հանդիպման արդյունքները և մատնանշվել համագործակցության ամրապնդման հետագա քայլերը: