11 մարտի 2011 - 17:15 AMT
«ԷկոԼուր». «Deno Gold Mining Compаny» ընկերությունը միլիոնավոր դրամներ է պարտավոր վճարել

2010թ. ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչությունը ստուգումներ է անցկացրել «Deno Gold Mining Compаny» ընկերությունում: Մամուլում հայտնվեցին տեղեկություններ թանկարժեք եւ գունավոր մետաղների թաքցնելու մասին, ինչի առնչությամբ ընկերությունը հայտարարեց, որ համաձայն չէ ստուգումների արդյունքների հետ, եւ որ դրանք ճշգրտման կարիք ունեն: «ԷկոԼուր»-ին հայտնի է դարձել ակտի մասին, որը կազմվել է ստուգումների արդյունքում: 2010թ. վերջին եռամսյակի հաշվետվությունում ընկերությունը չի հաշվարկել մետաղների հետևյալ չափաքանակները` Zn – 152,20 տ, Pb – 22, 7 տ, Au – 38,81 կգ, Ag– 100 կգ:

Բացի այդ, ստուգող հանձնախումբը նշել է, որ ընկերությունը հաշվետու ժամանակաշրջանում պետք է մարի մետաղների չափաքանակները`սկսած 2009թ. վերջին եռամսյակից: Խոսքը հսկայական քանակությամբ թանկարժեք եւ գունավոր մետաղների մասին է, որոնց համար ընկերությունը պետք է վճարեր, իսկ չվճարելու դեպքում նրա վրա պետք է մեծտուգանքներ դրվեին:

«Սակայն, բնապահպանական պետական տեսչության պաշտոնական տվյալների համաձայն` ընկերությունում գրանցվել է ընդամենը «Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների մասին» ՀՀ օրենքի խախտում, ինչի առնչությամբ կիրառվել է 50 հազար դրամ վարչական տուգանք: 2008 թ. եւս «Deno Gold Mining Compаny» ընկերությունում արձանագրվել էր ՀՀ ջրային օրենսգրքի 99-րդ հոդվածի խախտում, եւ կիրառվել է 150 հազար դրամի վարչական տուգանք:

2009-ին կոմբինատը նույն խախտումն է թույլ տվել եւ տուգանվել 100 հազար դրամով:

Հայտնի չէ, թե ուր է կորել 2010թ. դեկտեմբերի 7-ի ստուգումների ակտը: Եթե այդ ակտը պահպանվել է, ապա վերոնշյալ տուգանքները իմաստ չեն ունենա միլիոնավոր դրամների դիմաց, որը տվյալ ակտով ընկերությունը պարտավոր է վճարել»,-ասվում է «ԷկոԼուր»-ի հաղորդագրության մեջ: