Մարտի 11-ին Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանում մասնակցել է Սուրբ Սարգսի տոնի առիթով կազմակերպված ցուցահանդես-մրցույթների հաղթողների պարգևատրման արարողությանը։ Վարչապետ Սարգսյանը պատվոգրեր և մրցանակներ է հանձնել պրոֆեսիոնալ ցուցահանդես-մրցույթում հաղթող ճանաչված 12 երիտասարդ ստեղծագործողներին, ինչպես նաև պատվոգրերով պարգևատրել ոչ պրոֆեսիոնալ մրցույթում աչքի ընկած լավագույն 16 ստեղծագործողներին` գրաֆիկայի, գեղանկարչության, քանդակի և կիրառական արվեստի ճյուղերում ներկայացված աշխատանքների համար:
«Պետք է արձանագրենք, որ պետության և եկեղեցու հետևողական համագործակցության շնորհիվ Սուրբ Սարգսի տոնն այսուհետ մտել է մեր կենցաղի մեջ և մեր կյանքի անբաժանելի մասն է դարձել: Դրան նպաստում է նաև այն նշանակությունը, որը պետությունը տալիս է ազգային ավանդույթների վերականգնմանը»,- ասել է ՀՀ վարչապետը:
Տիգրան Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ցուցահանդես-մրցույթներին մասնակցած բոլոր արվեստագետներին և շնորհավորելով նրանց հաղթանակի կապակցությամբ` մաղթել նորանոր հաջողություններ իրենց ընտրած ոլորտներում:
Սիրո բարեխոսի տոնին նվիրված ցուցահանդես-մրցույթները կազմակերպել էր Աշխարհի հայ նկարիչների միությունը Արարատյան Հայրապետական թեմի հետ համատեղ: Երիտասարդ արվեստագետների պրոֆեսիոնալ մրցույթում ներկայացված շուրջ 80 ստեղծագործությունները «ԱրմենՏել»-«Բիլայն» ընկերության հովանավորությամբ տպագրվել են գունազարդ ամենամյա պատկերագրքում: