12 մարտի 2011 - 10:36 AMT
Ֆիլիպ Գորդոն. ԱՄՆ-ն կսատարի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը

ԱՄՆ-ի և ԵՄ-ի համատեղ ջանքերը Հարավային Կովկասի տարածաշրջանում նպաստեցին առաջընթացին, սակայն տարածքային վեճերն ու հետագա քաղաքական ու տնտեսական բարեփոխումների անհրաժեշտությունը լուրջ խոչընդոտներ են Կովկասի ողջ տարածքի կայունության համար: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարի Եվրոպայի ու Եվրասիայի գծով օգնական Ֆիլիպ Գորդոնը՝ հանդես գալով ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Եվրոպայի ու Եվրասիայի գծով ենթակոմիտեի անդամների առջև:

«Վրաստանում մեր անմիջական մասնակցությունն ու շռայլ օգնությունը նպաստեցին Վրաստանի փոխակերպմանը զարգացող ժողովրդավարության և Աֆղանստանում ՆԱՏՕ-ի համար կարևոր գործընկերոջ: Մեր եվրոպացի գործընկերների հետ միասին մենք կսատարենք Վրաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը նրա միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակներում: Կովկասի այլ երկրներում մենք Եվրոպայի հետ միասին կշարունակենք աջակցել Թուրքիայի ու Հայաստանի հարաբերությունների կարգավորմանը, ինչպես նաև կակտիվացնենք մեր գործունեությունը ԵԱՀԿ ՄԽ-ում, օգնելու համար Հայաստանին ու Ադրբեջանին կարգավորել ղարաբաղյան հակամարտությունը»,-ասել է նա՝ հավելելով, որ ԱՄՆ-ն սատարում է «Արևելյան գործընկերության» ձևաչափին, որտեղ ընդգրկված են Ուկրաինան, Բելառուսը, Մոլդովան, Ադրբեջանը, Հայաստանն ու Վրաստանը:

Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ն ու Եվրոպան պետք է միասին աշխատեն, ապագայում խուսափելու համար բախումներից Եվրոպայում և օգնելու համար Կովկասի տարածաշրջանի երկրներին շարժվել ժողովրդավարական ապագայի ուղղությամբ: