12 մարտի 2011 - 13:47 AMT
Ճապոնական «Ֆուկուշիմա-1» ատոմակայանում պայթյուն է տեղի ունեցել, ռեակտորը չի վնասվել

Շաբաթ օրը պայթյուն է տեղի ունեցել ճապոնական «Ֆուկուշիմա-1» ատոմակայանում, հայտնել է Nikkei, հղում անելով ճապոնական ԶԼՄ-ներին: Որոշ տվյալներով, դա եղել է ջրածնային գազի պայթյուն, որն օգտագործվում է սառեցման համար:

Ճապոնական NHK հեռուստաալիքը ցույց է տվել ԱԷԿ-ի կադրերը, որտեղ երևում է, որ փլուզվել է բլոկի պատն ու տանիքը և կայանի վրա ծխի հսկայական ամպ է բարձրանում: Կան տուժածներ՝ կայանի 4 աշխատակիցներ:

Ավելի ուշ հաղորդվել էր, որ ռեակտորը չի վնասվել: Ռադիացիոն ֆոնը սկսել է բարձրանալ, բնակիչներին խորհուրդ է տրվել փակ պահել պատուհանները, անջատել օդորակիչները և հնարավորության դեպքում հեռանալ կայանի տարածքից մոտ 10 կիլոմետրով: Ռադիացիոն ֆոնը կայանի տարածքում աճել է մոտ 20 անգամ:

Մարտի 11-ին Ճապոնիայում տեղի է ունեցել Ռիխտերի սանդղակով 9 բալ ուժգնությամբ երկրաշարժ, որից հետո հսկայական ցունամի է բարձրացել: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է օվկիանոսում՝ ափից մոտ 10 կմ հեռավորության վրա: Զոհվածների թիվը կարող է հասնել 1000-ի: