Հայաստանի Կենտրոնական բանկի կողմից դրամավարկային քաղաքականության հետագա խստացումը վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումով հիմնականում ազդելու է երեք ուղղություններով: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ ԿԲ դրամավարկային քաղաքականության վարչության պետ Արթուր Ստեփանյանը: Առաջին հերթին, նրա խոսքերով, որոշակի գործիքի միջոցով Հայաստանի առևտրային բանկերը բարձրացնելու են վարկերի տոկոսադրույքները` ուղղված սպառմանը: Բանկերը ներգրավելու են բնակչությունից ավանդներ ավելի բարձր տոկոսադրույքներով, իսկ քաղաքացիները, բնականաբար, ցանկանալու են ավելի շատ տնտեսել, քան ծախսել: «Ազգային արժույթով ավանդների տոկոսադրույքների աճը զսպում է հետագա արժեզրկման սպեկուլյատիվ ախորժակները, քանի որ ավելի շահավետ է դառնում խնայողություններ կատարելը դրամով, այլ ոչ թե արտարժույթով»,- ասել է նա:
Ստեփանյանի խոսքերով, վերաֆինանսավորման տոկոսադրույքը հանգեցնելու է տնտեսական ակտիվության որոշակի սահմանափակումների:
Նա նշել է, որ արտարժույթով ներդրումային տոկոսադրույքները զգալիորեն չեն փոխվելու: