12 մարտի 2011 - 16:39 AMT
ԿԱՐԾԻՔ
Ըստ Amazon.com-ի Հայաստանը գտնվում է Մերձավոր Արևելքում

Աշխարհի ամենաճանաչված օնլայն խանութներից մեկը՝ Amazon.com-ը, միջազգային առաքման ծառայություն է մատուցում իր գնորդներից շատերին

Առաքման գինը Amazon.com-ը որոշում է իր իսկ ստեղծած «միջազգային առաքման գործակիցների» (International shipping rates) հիման վրա, որտեղ երկրները դասակարգված են հետևյալ կերպ՝ Եվրոպա, Ասիա, Մերձավոր Արևելք, առանձին Իսրայել, Կանադա, Լատինական Ամերիկա, Կարիբյան և Ատլանտյան ավազանի երկրներ և այլն։

Մերձավոր Արևելք դասակարգման երկրների ցանկում է նաև Հայաստանը՝ մի շարք արևելյան երկրների հետ միասին (Իրան, Իրաք, Պակիստան, Եմեն, Ադրբեջան, Թուրքմենստան և այլն)։

Փաստորեն Եվրատեսիլին մասնակցող և Եվրախորհրդի անդամ հանդիսացող Հայաստանը Amazon.com-ում դիտարկվում է որպես արևելյան երկիր։ Իսկ մեր հարևան Վրաստանի «բախտը բերել է»։ Այն դասվել է եվրոպական երկրների շարքին:

Համարվելով արևելյան երկիր՝ Հայաստանի քաղաքացիները, ովքեր գնումներ են անում Amazon.com-ից, տուժում են, քանի որ Amazon.com-ի Մերձավոր Արևելք դասակարգմանը պատկանող երկրներ ապրանքի առաքման վճարն ավելի բարձր է, քան Եվրոպա առաքման վճարը։

Օրինակ, եթե գնում եք նեթբուք, ապա այն կառաքվի Եվրոպա նվազագույն՝ 39 դոլարով, իսկ Հայաստան՝ 53 դոլարով։