Այսօր կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 19-րդ նիստը, որը վարել է վարչապետ, հոգաբարձուների խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը:
Նախորդ նիստի արձանագրությունների քննարկումից և հաստատումից հետո մասնակիցներին է ներկայացվել հոգաբարձումների խորհրդի նոր անդամ Ռաուլ դե Լուցենբերգերը, ով ՀՀ-ում Եվրամիության պատվիրակության ղեկավարն է:
Վարչապետ Սարգսյանը հանդես է եկել բացման խոսքով, որում, մասնավորապես, անդրադարձել է ՀՀ տնտեսության հիմնական ցուցանիշներին` նշելով, որ հունվար ամսվա տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 7.7 տոկոս, ինչը բավական հուսադրող է. «Արդյունաբերությունում ունենք 5.7 տոկոսանոց աճ, շինարարությունը փոքր աճ է դրսևորում, համենայն դեպս, կարևոր է, որ անկում չկա նախորդ տարվա համեմատ: Առևտրաշրջանառությունը գտնվում է նույն մակարդակի վրա, փոքր աճ ունենք: Էական` 24.3 տոկոսանոց աճ ունենք ծառայությունների ոլորտում, որը հիմնականում պայմանավորված է Հայաստանի Հանրապետությունում պարտադիր ապահովագրական համակարգի ներդրմամբ: Առևտրաշրջանառությունը բնութագրվում է նրանով, որ ունենք 2.3 տոկոսանոց աճ նախորդ տարվա համեմատ, ընդ որում, կարևոր է, որ արտահանումը շարունակում է բավական բարձր տեմպերով աճել. Նախորդ տարվա համեմատ այն աճել է 21 տոկոսով այն դեպքում, երբ ներմուծումը կրճատվել է մոտ 2 տոկոսով նախորդ տարվա համեմատ:
Էլեկտրաէներգիայի արտադրությունն է աճել 20 տոկոսով, միջին ամսեկան աշխատավարձն է աճել 4.5 տոկոսով: Այն Հայաստանի Հանրապետությունում կազմել է 105 հազար դրամ, ընդ որում` պետական հատվածում այն կազմում է 82 հազար դրամ, մասնավոր հատվածում` 131 հազար դրամ»:
Կառավարության ղեկավարն անդրադարձել է նաև տնտեսության այլ ոլորտներում նկատվող միտումներին` մասնավորապես նշելով.«ՙԼեռնահանքային արդյունաբերությունում դեռևս շարունակում ենք արձանագրել աճի բարձր տեմպեր, որոնք պայմանավորված են ոչ միայն միջազգային գների բարձրացմամբ, այլ նաև նրանով, որ 2009-2010թթ. Բավական ներդրումներ են արվել լեռնահանքային արդյունաբերությունում. Նոր ձեռնարկություններ են բացվել, և ներդրումներն այս ոլորտում շարունակվում են: Սննդարդյունաբերությունում ունենք 8.9 տոկոսանոց աճ, խմիչքի բնագավառում` 11.6, դեղագործության ոլորտում` 34.8 տոկոս: Դա նաև պայմանավորված է այն հանգամանքով, որ նոր հզորություններ են հանձնվում շահագործման, մետալուրգիայում 25 տոկոսանոց աճ ունենք»: