12 մարտի 2011 - 19:16 AMT
Կառավարության լայնածավալ ծրագրերը 2011-ին կապահովեն Հայաստանի գյուղատնտեսության ոլորտի 10 տոկոս աճ

Հայաստանի կառավարությունում մարտի 12-ին կայացել է Հայաստանի Ազգային մրցունակության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 19-րդ նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ, հոգաբարձուների խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը: Որպես 2011թ. գերակա խնդիրներ` Տիգրան Սարգսյանը խոսել է բարձր գնաճի զսպման և գյուղատնտեսության զարգացման անհրաժեշտության մասին. «2011թ. համար մենք երկու էական պրոբլեմ ենք ֆիքսում. բարձր գնաճը, որը մինչև տարեվերջ փորձենք կրճատել երկու անգամ` այսօրվա 12 տոկոսից հասցնելով մինչև 6 տոկոս, և կարևորագույն գյուղատնտեսության ոլորտը: Մենք մեծածավալ նոր ծրագրեր ենք իրականացնում գյուղատնտեսությունում և ակնկալում ենք առնվազն 10 տոկոսանոց աճ, որն էապես կնպաստի նաև գնաճի զսպմանը, որովհետև այս 12 տոկոսանոց գնաճը նաև էականորեն պայմանավորված էր այն հանգամանքով, որ 2010թ. գյուղատնտեսությունում ունեցանք 13.5 տոկոսանոց անկում:

Մի քանի ծրագրեր ենք գյուղատնտեսությունում ներդնում, որոնք նույնպես պետք է խթանեն այդ աճը: Առաջին հերթին, դրանք IFAD-ի, FREDA-ի ծրագրերն են, որ իրականացնում ենք միջազգային կազմակերպությունների օժանդակությամբ: Համաշխարհային բանկի հետ սկսում ենք մի նոր ծրագիր, որի նպատակն է 55 համայնքներում կառավարման նոր սխեմաների, արոտավայրերի բացահայտման, անասնագլխաքանակով օգնության, սառնարանային տնտեսությունների կազմակերպման, գյուղտեխնիկայի սուբսիդավորման միջոցով խթանել նաև կոոպերացիոն շարժումը:

Գյուղատնտեսությունում փորձելու ենք պետական օժանդակությամբ լրացուցիչ միջոցառումներ իրականացնել, որպեսզի 2011թ. առնվազն 10 տոկոսանոց աճ ունենանք»:

Վարչապետն իրատեսական է համարել նաև արդյունաբերության ոլորտում 10 տոկոս աճի ապահովումը` ընդգծելով, որ այդ նպատակով 2009-2010թթ. շուրջ 14 բիզնես ծրագրեր արժանացել են կառավարության հավանությանը, որոնց շրջանակում կատարվելիք մասնավոր ներդրումների ծավալը կկազմի 80 մլրդ դրամ: