Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությունը (ԵԱՀԿ) քննադատել է Ադրբեջանի իշխանություններին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռը չկատարելու համար: ԶԼՄ հարցերով ԵԱՀԿ ներկայացուցիչ Դունյա Միյատովիչն Ադրբեջանի կառավարությանը կոչ է արել դադարեցնել բանտարկյալ լրագրող Էյնուլլ Ֆատուլլաևին պարբերաբար վախեցնելը, կատարել ԵԱՀԿ առջև ստանձնած պարտավորությունները ԶԼՄ-ների ազատության մասով և բավարարել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումը, որը պահանջում է անհապաղ ազատ արձակել լրագրողին:
«Ես խորապես անհանգստացած եմ Ֆատուլլաևի անվտանգության և նրա վատթարացող առողջության հարցով, ինչպես նաև լրջորեն մտահոգված եմ այն տեղեկություններով, որ նրա ընտանիքն անընդմեջ անանուն սպառնալիքներ է ստանում: Ես Ադրբեջանի իշխանություններին կոչ եմ անում կատարել ԵԱՀԿ առջև ստանձնած պարտավորությունները ԶԼՄ-ների ազատության մասով և ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները լրագրողի և նրա ընտանիքի լիարժեք անվտանգությունն ապահովելու համար»,- հայտնել է Միյատովիչը:
2010թ. ապրիլի 22-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վճիռ կայացրեց այն մասին, որ Ֆատուլլաևն իրավաչափ չի դատվել և պահանջեց անհապաղ ազատ արձակել նրան: Դատարանն Ադրբեջանին պարտավորեցրեց նաև լրագրողին 25 հազար եվրո հատուցում և 2 822 եվրո ծախս ու պահում վճարել, հաղորդում է ԵԱՀԿ պաշտոնական կայքը: