14 մարտի 2011 - 13:07 AMT
ՀՀ ԱԳՆ. Թուրքիան անելիք չունի ղարաբաղյան կարգավորման գործընթացում

Ադրբեջանի ԱԳ փոխնախարար Արազ Ազիմովի «Հյուրիեթ» պարբերականում ներկայացրած ղարաբաղյան կարգավորման սցենարը հիվանդ երեւակայության արգասիք է: Այսպես է մեկնաբանել Ազիմովի խոսքերը ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղար Տիգրան Բալայանը: «Բազմիցս ասվել է, որ Թուրքիան անելիք չունի ղարաբաղյան կարգավորման գործընթացում, եւ եթե իրոք ցանկանում է չվնասել, պետք է ընդհանրապես չխառնվի դրան»,-ասվում է ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղարի մեկնաբանության մեջ:

Թուրքական «Հյուրիեթ» պարբերականը հրապարակել է Ադրբեջանի ԱԳ նախարարի տեղակալ Արազ Ազիմովի հարցազրույցը, որտեղ նա խոսում է իբրեւ թե Բաքվի եւ Անկարայի կողմից ներկայացված եւ քննարկման առարկա հանդիսացող ղարաբաղյան կարգավորման իրենց համատեղ վարկածի մասին: