14 մարտի 2011 - 13:52 AMT
Մարտի 17-ին Հայաստանում կանցկացվի «Կենգուրու» միջազգային մաթեմատիկական խաղ-մրցույթը

Մարտի 17-ին Հայաստանում անցկացվում է «Կենգուրու» միջազգային մաթեմատիկական խաղ-մրցույթը: Այս տարի «Կենգուրու» մրցույթին մասնակցում են Հայաստանի բոլոր մարզերից 920 դպրոց և 36 000 աշակերտ, Ստեփանակերտից` 13 դպրոց և 608 աշակերտ, բոլորը միասին` 923 դպրոց և 36 705 աշակերտ:

«Կենգուրու» մրցույթը Հայաստանում անցկացվում է արդեն երրորդ անգամ: Ինչպես անցյալ տարի, այս տարի նույնպես խնդիրները լինելու են երկլեզու` հայերեն և ռուսերեն: Մրցույթի օրը երեխան հնարավորություն կունենա ընտրել խնդիրները կարդալու և հասկանալու իրեն հարմար լեզուն: Այս հնարավորությունը ընձեռնվել է ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպանատանն առընթեր «Ռոսսոտրուդնիչեստվո» ներկայացուցչության հետ համագործակցության շնորհիվ:

«Կենգուրուն» տրամաբանական և հետաքրքրաշարժ խնդիրներից կազմված մրցույթ է, որն ամեն տարի նույն օրն անցկացվում է շուրջ 50 երկրում` ավելի քան 6 միլիոն դպրոցականների մասնակցությամբ: «Կենգուրուին» մասնակցում են 3-11-րդ դասարանցի բոլոր ցանկացողները` անկախ մաթեմատիկական ունակություններից կամ առաջադիմությունից: Մրցույթի նպատակն է համընդհանուր հետաքրքրություն առաջացնել մաթեմատիկայի հանդեպ և մաթեմատիկան առավել գրավիչ ու սիրելի դարձնել երեխաների համար, ասվում է «Այբ» կրթական հիմնադրամի մամլո հաղորդագրության մեջ:

Հայաստանում «Կենգուրու» մրցույթի բացառիկ կազմակերպիչն է «Այբ» կրթական հիմնադրամը: Մրցույթն անցկացվում է ՀՀ կրթության և գիտության նախարարության հովանու ներքո: