«Կոնվերսբանկ» ՓԲԸ-ն 2011թ. ավարտին ակնկալում է ստանալ 2 մլրդ դրամ շահույթ 2010թ. 1,4 մլրդ շահույթի դիմաց: Այդ մասին մարտի 14-ին Երևանում հայտնել է «Կոնվերսբանկ» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն, վարչության նախագահ Տիգրան Դավթյանը:
Անդրադառնալով վարկային պորտֆելի ծավալներին՝ բանկիրն ասել է, որ 2010թ. արդյունքներով այն կազմել է 45 մլրդ դրամ՝ հավելելով, որ նրա աճը 2011թ. նախատեսված է առնվազն 2 տոկոսի չափով: Սակայն, հաշվի առնելով գնաճային սպասումները, որոնց պատճառով ՀՀ ԿԲ-ն խստացնում է դրամավարկային քաղաքականությունը, հազիվ թե հաջողվի այն ավելացնել 5-10 տոկոսով:
Այդ առնչությամբ Տիգրան Դավթյանը նշել է երկու պատճառ՝ ԿԲ քաղաքականությունը չի խթանի վարկավորումը, ինչն իր հերթին կանդրադառնա տնտեսական ակտիվության տեմպերի նվազման վրա: Այսօրվա դրությամբ առևտրային բանկերը բախվում են նաև մեկ այլ տարածված խնդրի հետ՝ բարձր վճարունակությամբ հաճախորդների բացակայության հետ: Ինչպես ասել է բանկիրը, «չաշխատող վարկերի» մասնաբաժինը բանկի ընդհանուր վարկային պորտֆելում կազմում է 7-8 տոկոս, ինչը բավականին բարձր ցուցանիշ է: «Դա 2009թ. ճգնաժամի ազդեցության արդյունքն է, սակայն, մենք այլ քաղաքականություն ենք վարում և մինչև վերջ փորձում ենք լուծել ծագած խնդիրը՝ միանգամից դատարան չդիմելով կամ գնում ենք դրանց լիկվիդացիայի ճանապարհով»,-ասել է նա: