14 մարտի 2011 - 18:17 AMT
ԿԱՐԾԻՔ
Զենք ներկրող երկրների ցանկը կազմողները «չեն նկատել» Ադրբեջանին

Ստոկհոլմի խաղաղության խնդիրների հետազոտման միջազգային ինստիտուտը (SIPRI) հերթական տվյալներն է հրապարակել սովորական սպառազինության ու ռազմական սարքավորումների հիմնական տեսակների առաքումների մասին: Զենքի ներկրման խոշորագույն հնգյակը 2006-10թթ. գլխավորում է Հնդկաստանը: Նրան հաջորդում է Չինաստանը: Երրորդ տեղում է Հարավային Կորեան, նրան հաջորդում է Պակիստանը, հնգյակը եզրափակում է Հունաստանը:

Որքան էլ տարօրինակ լինի, Հարավային Կովկասում սպառազինությունների մրցավազքի նախաձեռնող Ադրբեջանն այդ ցուցակում չկա: Սակայն Ադրբեջանի զինման տեմպերը տպավորում են: Ադրբեջանը ռազմական ոլորտում համագործակցում է հիմնականաում Մերձավոր Արևելքի երկրների, ավելի ստույգ Թուրքիայի ու Իսրայելի հետ: Ադրբեջան զենք առաքողների թվում են նաև Ուկրաինան ու Բելառուսը:

Բացի այդ, Ադրբեջանի պետական բյուջեով 2011թ. նախատեսվում է ավելացնել ռազմական ծախսերը մինչև 2,5 մլրդ մանաթ (3,1 մլրդ դոլար): 2010թ. այդ ցուցանիշը 1,6 մլրդ մանաթ էր: 1,1 մլրդ մանաթը կծախսվի սպառազինությունների արդիականացման համար:

Զարմանալի չէ, որ Ադրբեջանը գերադասում է չթաքցնել զենքի ներկրումը և զենքի սեփական արտադրության խթանումը: Դրանով նա փորձում է համոզել իր ժողովրդին, որ Ղարաբաղում նոր պատերազմի դեպքում իրենք կհաղթեն: Ընդ որում Բաքուն կրկին մոռանում է, որ առանց պրոֆեսիոնալ բանակի, ինչպիսին Ադրբեջանը չունի, այդ ողջ զենքը վերածվում է մի մեծ մետաղակույտի: Զարմացնում է լոկ միջազգային կազմակերպությունների չեզոքությունը, որոնք կոչված են ապահովելու անվտանգությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում: Արդյոք ժամանակը չէ, որ այդ կառույցները, դեկլարատիվ հայտարարությունների ու խաղաղարարական կոչերի փոխարեն, իրերն իրենց անուններով անվանեն: Հակառակ դեպքում տպավորություն է ստեղծվում, որ ԵԱՀԿ-ի պես կազմակերպությունների առաքելությունը ոչ թե ռազմական սպառնալիքների կանխարգելումն է, այլ արդեն տեղի ունեցած հակամարտությունների հետևանքների վերացումը: