14 մարտի 2011 - 19:19 AMT
Արթուր Բաղդասարյան. Հայաստան-ԵՄ քաղաքական համագործակցությունն արդյունավետորեն զարգանում է

Մարտի 14-ին կայացել է Հայաստանում Եվրամիության խորհրդատվական խմբի խորհրդի նիստը, որը վարել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, Եվրոպական կառույցների հետ Հայաստանի համագործակցությունը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանը:

Նրա գնահատմամբ` Հայաստան-ԵՄ քաղաքական համագործակցությունն արդյունավետորեն զարգանում է, եւ դրան նպաստում է ԵՄ խորհրդատվական խմբի հետ արդյունավետ աշխատանքը. «Հատկապես կարեւոր է քաղաքական համագործակցության խորացումը Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ` ասոցացման համաձայնագրի կնքմամբ: Կարեւոր է նաեւ ԵՄ-ի հետ արդարադատության, ազատության եւ անվտանգության հարցերով հատուկ ենթակոմիտեի ստեղծումը, խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գործընթացը նոր թափով առաջ մղելը, որը ենթադրում է լուրջ բարեփոխումներ Հայաստանում, այդ թվում` առկա բյուրոկրատական արգելքների վերացում, հարկային, մաքսային եւ այլ համակարգերում բարեփոխումներ: 2010 թվականին մեկնարկել են բարեփոխումները Հայաստանի դատաիրավական համակարգում: Հաստատվել է ոստիկանության համակարգում բարեփոխումների լուրջ ծրագիր, որը շարունակվելու է այս տարի: Այս տարի նախատեսվում է մարդու իրավունքների ազգային ծրագրի հաստատումը, որը մեր համագործակցության կարեւոր փուլերից մեկն է: Լուրջ քայլեր են ձեռնարկվել ԵՄ անդամ երկրներ մուտքի արտոնագրերի տրամադրման կարգի դյուրացման եւ ռեադմիսիոն համաձայնագրերի կնքման ուղղությամբ»:

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Ռաուլ դե Լյուցենբերգերն էլ իր հերթին կարեւորել է ասոցացման համաձայնագրի կնքման ուղղությամբ կատարվելիք աշխատանքին մեծ ուշադրություն դարձնելը:

ԵՄ խորհրդատվական խմբի նոր ղեկավար Անտտի Հարտիկայնենը ներկայացրել է խմբի տեխնիկական առաջադրանքը: Մինչեւ հունիս ամիսը նա կհավաքագրի շուրջ 20 նոր աշխատակիցների` ինչպես երկարաժամկետ և կարճաժամկետ միջազգային խորհրդատուների, այնպես էլ` փորձագետների Հայաստանից, հայտնում է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի մամուլի գրասենյակը: