15 մարտի 2011 - 11:08 AMT
IFC-ն և ԶԵԲ-ը ստորագրել են համագործակցության մասին համաձայնագիր

Համաշխարհային բանկի խմբի անդամ IFC-ն և Զարգացման եվրասիական բանկը (ԶԵԲ) մարտի 15-ին ստորագրել են համագործակցության հիմնարար համաձայնագիր: «Այն կհեշտացնի ԶԵԲ մասնակցությունը զարգացող շուկաներում IFC ներդրումային նախագծերի համաֆինանսավորման դեպքում»,- ասվում է ԶԵԲ պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրությունում:

«Գլոբալ և տարածաշրջանային ֆինանսական ինստիտուտները պետք է միասին աշխատեն իսկապես զգալի արդյունքների հասնելու համար, և այդ համաձայնությունը թույլ կտա մեզ ավելի արագ ներգրավել ֆինանսավորումն այնտեղ, որտեղ դա անհրաժեշտ է»,- նշել է Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով IFC տնօրեն Սնեժանա Ստոիլկովիչը:

«Այդ համաձայնագիրը IFC-ի հետ մեր համագործակցության նոր քայլն է: Այն նոր խթան կհաղորդի մեր համատեղ ջանքերին մեր երկրների տնտեսությունների առանցքային հատվածների զարգացման աջակցության գործում, մասնավորապես, ենթակառուցվածքի և ֆինանսական հատվածի»,- ասել է ԶԵԲ կառավարման նախագահ Իգոր Ֆինոգենովը: