15 մարտի 2011 - 13:55 AMT
Սեյսմիկ ոլորտի մասնագետ. Ճապոնիայի երկրաշարժն անմիջական ազդեցություն չի ունենա Հայաստանի վրա

Ճապոնիայում տեղի ունեցած ուժգին երկրաշարժն ուղղակի ազդեցություն չի ունենա Հայաստանի վրա, Երևանում լրագրողներին է հայտարարել Հայաստանի ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության պետ Հրաչյա Պետրոսյանը: Ըստ նրա, դա բացատրվում է նրանով, որ երկրաշարժը տեղի է ունեցել Հայաստանից մեծ հեռավորության վրա և նրանով, որ «մենք գտնվում ենք տարբեր տեկտոնիկ շերտերի վրա»: Ինչ վերաբերում է աննշան ցնցումներին Ադրբեջանում, Իրանում ու Թուրքիայում, ապա, ըստ Հրաչյա Պետրոսյանի, նման ցնցումները բնորոշ են սեյսմիկ ակտիվությամբ երկրներին, ինչը լավ է, քանի որ նպաստում է երկրակեղևում կուտակված էներգիայի լիցքաթափմանը, ինչը թույլ է տալիս խուսափել ուժեղ երկրաշարժերից: Պետրոսյանն ընդգծել է, որ ըստ ծառայության, վտանգավոր իրավիճակներ տարածաշրջանում չեն կանխատեսվում:

Մարտի 11-ին Ճապոնիայում տեղի ունեցավ 9.0 մագնիտուդով երկրաշարժ, որն առաջացրեց 10 մ բարձրությամբ ցունամի: Ըստ վերջին պաշտոնական տվյալների, զոհվածնեի ու անհայտ կորածների թիվը հասնում է 5,9 հազարի: Երկրաշարժի արդյունքում խափանվել է «Ֆուկուսիմա-1» ատոմակայանի սառեցման համակարգը: Վթարի հետևանքով երկու պայթյուն է տեղի ունեցել՝ առաջին և երրորդ էներգաբլոկներում: Արտակարգ իրավիճակ է հայտարարված հարևան «Ֆուկուսիմա-2» ատոմակայանում, որտեղ նույնպես խափանվել է սառեցման համակարգը: 20 կմ շառավիղով բնակչությունը տարհանվել է:

Երկուշաբթի Ճապոնիան պաշտոնապես խնդրեց ՄԱԳԱՏԷ-ին մասնագետների խումբ գործուղել, որը կօգնի հաղթահարել վթարային ԱԷԿ-ներում ստեղծված իրավիճակը: