15 մարտի 2011 - 14:00 AMT
Հայկական ԱԷԿ-ը հաշվարկված է 9 բալ ուժգնությամբ երկրաշարժի համար

Մեծամոր քաղաքում գտնվող Հայկական ԱԷԿ-ը կառուցվել է 9 բալ ուժգնությամբ երկրաշարժի համար: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հաղորդել է Հայաստանի ԱԻՆ շինությունների սեյսմակայունության կենտրոնի պետ Զավեն Խլղաթյանը: Նրա խոսքերով, ԱԷԿ-ը համարվել է և համարվում է հատուկ նշանակության օբյեկտ և կառուցվել է հատուկ չափանիշներով և հաշվի առնելով տարածքի սեյսմիկ վտանգը: Միաժամանակ, նա նշել է, որ Հայկական ԱԷԿ-ի միակ բացասական կողմը պաշտպանական շերտի բացակայությունն է:

Մարտի 11-ին Ճապոնիայում տեղի է ունեցել 9.0 մագնիտուդով երկրաշարժ և դրան հաջորդած ավերիչ ցունամի: Վերջին պաշտոնական տվյալների համաձայն, անհայտ կորած կամ մահացած է համարվում 5.9 հազար մարդ: Երկրաշարժի հետևանքով «Ֆուկուսիմա 1» ԱԷԿ-ը ենթարկվել է վթարի. պայթել են առաջին և երրորդ էներգաբլոկները: