
Արցախը դրական է գնահատում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների` Սոչիում կայացած հանդիպումը, սակայն հայտարարում է, որ բանակցությունների ներկա ձևաչափը չի համապատասխանում տարածաշրջանում ստեղծված քաղաքական և ռազմական իրողություններին: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է ԼՂՀ ԱԺ արտաքին գործերի հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը: Նրա խոսքերով, բանակցությունները հիմնված չեն հրադադարի մասին համաձայնագրի վրա, որը ստորագրվել է 1994-ին Արցախի Հանրապետության և Ադրբեջանի միջև: «Սոչիի հանդիպումը թույլ է տվել պայմաններ ստեղծել բանակցությունները շարունակելու համար, ինչը լիովին համապատասխանում է Երևանի և Ստեփանակերտի դիրքորոշմանը: Արցախը բազմիցս հայտարարել է, որ հանդես է գալիս խնդրի խաղաղ կարգավորման օգտին»,- ասել է ԼՂՀ ԱԺ պատգամավորը:
Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանը, Դմիտրի Մեդվեդևը և Իլհամ Ալիևը Սոչիում բանակցությունների արդյունքում ընդունել են համատեղ հայտարարություն ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ: Ինչպես նշվում է փաստաթղթում, առաջնորդները քննարկել են 2010-ի հոկտեմբերի 27-ին Աստրախանում կայացած հանդիպման ժամանակ ընդունված եռակողմ հայտարարության գործնական իրագործման հարցերը: Մասնավորապես, նախագահները պայմանավորվել են կարճ ժամկետում ավարտել ռազմագերիների փոխանակման գործընթացը: Բացի դրանից, փաստաթղթում նշվում է «բոլոր վիճելի հարցերը խաղաղ միջոցներով լուծելու և զորքերի շփման գծում միջադեպերի հետաքննության անցկացման ձգտումը կողմերի մասնակցությամբ ԵԱՀԿ ՄԽ հովանու ներքո ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցչի աջակցությամբ»: