15 մարտի 2011 - 18:47 AMT
ԼՂՀ ԱԺ պատգամավորն իր լիտովյան գործընկերներին խորհուրդ է տալիս ձեռնպահ մնալ Ղարաբաղի վերաբերյալ սուբյեկտիվ գնահատականներից

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը Լիտվայի խորհրդարանին խորհուրդ է տալիս ձեռնպահ մնալ ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ սուբյեկտիվ գնահատականներից: Այդ մասին Աթանեսյանը հայտնել է Երևանում կայացած մամլո ասուլիսում` պատասխանելով PanARMENIAN.Net-ի թղթակցի հարցին: Ինչպես նշել է ԼՂՀ ԱԺ պատգամավորը, ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար արդեն գոյություն ունի միջազգային ձևաչափ` ԵԱՀԿ Մինսկի խումբը, և այդ ձևաչափը փոփոխման ենթակա չէ:

«Ես հույս ունեմ, որ այդ բանաձևը Լիտվայի խորհրդարանում կա'մ բոլորովին չի ընդունվի, կա'մ էլ չի ընդունվի ներկայիս տեսքով»,- ասել է ղարաբաղյան խորհրդարանականը:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր PanARMENIAN.Net-ը, Լիտվայի խորհրդարան ներկայացված բանաձևում, որը, ամենայն հավանականությամբ, կքննարկվի այս տարվա մարտի ընթացքում, խոսվում է պետությունների տարածքային ամբողջականության, հակամարտությունների լուծման ժամանակ ուժի չկիրառման և մարդու իրավունքների մասին: Բանաձևը վկայակոչում է Ղարաբաղի վերաբերյալ Եվրախորհրդարանի անցյալ տարվա բանաձևը, որը դժգոհության ալիք բարձրացրեց Հայաստանում: