16 մարտի 2011 - 13:37 AMT
Րաֆֆի Հովհաննիսյանին բժիշկ է այցելել

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, ՀՀ ԱԺ պատգամավոր Րաֆֆի Հովհաննիսյանին, որը մարտի 15-ին հացադուլ է հայտարարել, այցելել է 4-րդ հիվանդանոցի բժիշկը (այդ հիվանդանոցի ենթակայության տակ է գտնվում Ազատության հրապարակը): Բժիշկը զննել է Հովհաննիսյանին և, ինչպես հետո ասաց պատգամավորը, առողջական վիճակը նա նորմալ է գնահատել:

Ինչպես հայտնում է PanARMENIAN.Net-ի թղթակիցը, Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանիի հետ միասին մի քանի տասնյակ մարդ կա՝ պատգամովրներ, «Ժառանգության» անդամներ, ՀԱԿ-ի ներկայացուցիչներ Ալեքսանդր Արզումանյանն ու Կարապետ Ռուբինյանը, ինչպես նաև Լիլիթ Գալստյանը ՀՅԴ-ից:

«Ժառանգություն» կուսակցության բաց համաժողովում կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը պահանջել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանից հրաժարական տալ ու ապահովել առաջին անկախ ու արդար ընտրությունների անցկացումը: Նա նաև հայտարարել է, որ ծոմ է հայտարարում:

Մարտի 15-ի լույս 16-ի գիշերը Հովհաննիսյանն անցկացրել է Ազատության հրապարակում: Ինչպես հայտնել է այսօր «Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը, «Ժառանգություն» կուսակցությանը թույլ չեն տվել Ազատության հրապարակում վրան խփել հացադուլ հայտարարած Րաֆֆի Հովհաննսիյանի համար: Սաֆարյանի խոսքերով, ոստիկանությունն իր գործողությունները հիմնավորել է նրանով, որ Ազատության հրապարակը «մանկական հրապարակ է և այն միայն երեխաների համար է»: