16 մարտի 2011 - 15:36 AMT
Ուղիղ 90 տարի առաջ ստորագրված Մոսկվայի պայմանագիրը հակասում է բոլոր օրենքներին

90 տարի առաջ մարտի 16-ին քեմալական Թուրքիան և բոլշևիկյան Ռուսաստանը կնքել են եղբայրության և բարեկամության մասին պայմանագիր: Մոսկվայի պայմանագրի հետևանքով Թուրքիային են անցել 30 հազար քառակուսի կմ հայկական տարածքներ: Այդ տարածքները զավթվել էին Հայաստանի դեմ Թուրքիայի զինված ագրեսիայի արդյունքում, որն ավարտվել էր պայմանագրի ստորագրումից ընդամենը 3,5 ամիս առաջ:

Մոսկվայի պայմանագիրն այսպիսով կոչված էր Թուրքիային հանձնել նվաճված հայկական տարածքները, իսկ բոլշևիկները ճանաչել են թուրքական ագրեսիայի արդյունքները: Մոսկվայի պայմանագիրը (III հոդված), «որոշում» է նաև Նախիջևանի ճակատագիրը, որը ոչ մի կապ չուներ ոչ Ռուսաստանի, ոչ Թուրքիայի հետ. «պայմանավորվող երկու կողմերը համաձայն են, որ Նախիջևանի մարզը պայմանագրի I դրույթում նշված սահմաններում կազմում է ինքնավար տարածք Ադրբեջանի ենթակայության տակ այն պայմանով, որ Ադրբեջանը չի զիջի իր պրոտեկտորատը երրորդ երկրի»:

Ինչպես նշում է պատմաբան Էդիկ Մինասյանը, Մոսկվայի պայմանագիրն օրինական չէ, քանի որ 1921-ի մարտին քեմալական Թուրքիան և Ռուսաստանը միջազգային իրավունքի կողմից ճանաչված սուբյեկտներ չէին և իրավունք չունեին որոշել երրորդ պետության ճակատագիրը:

Հատկանշական է, որ հենց այս օրերին Մոսկվայում է գտնվում թուրք վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած պատվիրակությունը, որը բանակցություններ է վարում ռուսական կողմի հետ: