16 մարտի 2011 - 16:52 AMT
Երևանում Ռուսաստանի դեսպանատան դիմաց ցույց է. ցուցարարները պահանջում են անօրինական ճանաչել Մոսկվայի պայմանագիրը

Երևանում Ռուսաստանի դեսպանատան մոտ տեղի է ունենում ՀՅԴ երիտասարդական թևի բողոքի ցույցը: Ակցիային մասնակցում են ավելի քան 100 երիտասարդներ: Հավաքվածներն ընթերցել են ռուսական իշխանություններին ուղղված բողոքի նամակը` պահանջելով անօրինական համարել 1921-ի Մոսկվայի պայմանագիրը:

Ինչպես հայտարարել է հավաքվածներին ՀՅԴ երիտասարդական թևի ներկայացուցիչ Հարութ Ղազարյանը, ցուցարարները չեն ցրվի այնքան ժամանակ, մինչև դուրս չգա դեսպանատան պաշտոնական ներկայացուցիչը կամ նրանց թույլ տան մտնել դեսպանատուն և հանձնել նամակը:

Ցուցարարները երգում են հայրենասիրական երգեր, ինչպես նաև վանկարկում են «Ամոթ», «Ազգասպան Թուրքիան չի կարող լինել Ռուսաստանի բարեկամը» կարգախոսները, ցուցարաները ձեռքերում պահում են «16.03.21` մեծագույն հանցագործության օր», «Էրդողան` Աթաթուրք, Մեդվեդև` Լենի՞ն», «Կարս-Ղարաբաղ-Նախիջևան` դավաճանության գինը» գրություններով ցուցանակներ:

Դեսպանատան պահակախումը հայտնել է ցուցարարներին, որ դեսպանատնից ոչ ոք նրանց մոտ դուրս չի գալու և առաջարկել նրանց նամակը հանձնել դեսպանատան փոստարկղի միջոցով: Դա առաջացրել է հավաքվածների դժգոհությունը, որոնք բացականչել են «Ամոթ»: