Հայաստանի գյուղատնտեսության նախարար Ս. Կարապետյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Արգենտինայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Միգել Անխել Կունեոյին: Նախարարը նշել է, որ կառավարությունն ընդունել է հացահատիկի սերմնաբուծության երկարաժամկետ ծրագիր, իրագործվում են գյուղատնտեսության զարգացմանը նպաստող այլ ծրագրեր: Մեծ ուշադրություն է հատկացվում անասնաբուծության զարգացմանը: Ս. Կարապետյանի կարծիքով, շահեկան համագործակցություն կարող է ծավալվել գիտահետազոտական աշխատանքների բնագավառում:
Վերջինիս անմիջական արձագանքը դեսպանի պատրաստակամությունն էր Արգենտինայում հայտնի գիտահետազոտական հաստատության (INTA) և ՀՀ գյուղատնտեսության նախարարության միջև կապեր հաստատելու մասին: Դեսպան Կունեոն ներկայացրեց Արգենտինայի գյուղատնտեսության վերջին ձեռքբերումները:
Անդրադառնալով գյուղատնտեսության ոլորտում հայ-արգենտինական համագործակցությանը, նախարար Ս. Կարապետյանը նշեց, որ Հայաստանում հաջողված ծրագրերից է այգեգործական ընկերության հիմնումը, որը ֆինանսավորվել է արգենտինահայ գործարար Է. Էռնեկյանի կողմից: Ծրագրի նպատակը Արմավիրի մարզում պտղաբուծության և խաղողագործության զարգացումն է, կառավարման նոր համակարգերի և տեխնոլոգիաների ներմուծումը: Հայաստանում փորձարկվել են նաև արգենտինական արտադրության հակակարկտային համակարգեր, ասվում է նախարարության մամլո հաղորդագրության մեջ:
Հանդիպման ավարտին դեսպան Կունեոն Ս. Կարապետյանին հանձնեց Արգենտինայի Հանրապետության Ագրարային ընկերության հրավերը` մասնակցելու 2011 թվականի ամռանը Բուենոս Այրեսում կազմակերպվող գյուղատնտեսական 125-րդ միջազգային ցուցահանդեսին, որը շնորհակալությամբ ընդունվեց նախարարի կողմից: