Ճապոնիայում ավերիչ երկրաշարժի և դրան հաջորդած ցունամիի արդյունքում զոհվել և անհայտ կորել է ավելի քան 13 հազար մարդ: Այդ մասին հաղորդում է AFP-ն, հղում կատարելով երկրի իշխանությունների կողմից մարտի 17-ին հրապարակված տվյալներին:
Ճապոնական ոստիկանության տեղեկատվության համաձայն, զոհվածների թվում է 5178 մարդ, անհայտ կորած է 8606 մարդ: Սակայն զոհվածների և անհայտ կորածների ցուցակը մշտապես փոխվում է:
Մարտի 11-ին Ճապոնիայում տեղի ունեցավ 9.0 մագնիտուդով երկրաշարժ, որն առաջացրեց 10 մ բարձրությամբ ցունամի: Ըստ վերջին պաշտոնական տվյալների, զոհվածնեի ու անհայտ կորածների թիվը հասնում է 5,9 հազարի: Երկրաշարժի արդյունքում խափանվել է «Ֆուկուսիմա-1» ատոմակայանի սառեցման համակարգը: Վթարի հետևանքով երկու պայթյուն է տեղի ունեցել՝ առաջին և երրորդ էներգաբլոկներում: Արտակարգ իրավիճակ է հայտարարված հարևան «Ֆուկուսիմա-2» ատոմակայանում, որտեղ նույնպես խափանվել է սառեցման համակարգը: 30 կմ շառավիղով բնակչությունը տարհանվել է: Ճապոնիային տարերային աղետի հետևանքները վերացնելու նպատակով օգնություն են առաջարկել աշխարհի տասնյակ երկրներ, այդ թվում նաև Հայաստանը: