17 մարտի 2011 - 10:44 AMT
Երևանում կբացվի «Յուրի Գագարին: Մարդու առաջին թռիչքը տիեզերք» լուսանկարչական ցուցահանդեսը

Մարտի 18-ին Երևանում Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնում կբացվի «Յուրի Գագարին: Մարդու առաջին թռիչքը տիեզերք» լուսանկարչական ցուցահանդեսը` նվիրված դեպի տիեզերք մարդու առաջին թռիչքի 50-ամյակին:

Ցուցահանդեսում կներկայացվեն Յուրի Գագարինի և Սերգեյ Կորոլյովի, Տիեզերագնացների նախապատրաստման կենտրոնի և առաջին կին տիեզերագնաց Վալենտինա Տերեշկովայի, ինչպես նաև Խորհրդային Միության այլ տիեզերագնացների մասին պատմող 48 լուսանկար:

Ցուցահանդեսի բացմանը կմասնակցեն Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը, հայկական գիտատեխնիկական շրջանակների ներկայացուցիչներ, որոնք ավանդ են ներդրել տիեզերքի յուրացման գործում, ստեղծագործական միությունների անդամներ, ռուս դիվանագետներ ու ռուսաստանյան հայրենակիցներ, երիտասարդական հասարակական կազմակերպությունների առաջնորդներ, հայաստանյան լրագրողներ: Լուսանկարչական ցուցահանդեսը բաց կլինի մինչև ապրիլի 20-ը, հաղորդում է Հայաստանում «Ռուսհամագործակցության» ներկայացուցչության մամլո ծառայությունը: