18 մարտի 2011 - 13:20 AMT
Հայաստանն ու Վրաստանը կհամագործակցեն ճանապարհաշինության ոլորտում

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Վրաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Ռամազ Նիկոլաիշվիլիին:

Ողջունելով հյուրին` վարչապետը կարևորել է Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական կապերի ակտիվացումը. «Կարծում եմ` դա բխում է մեր ժողովուրդների շահերից, քանի որ տնտեսական տարածության և գործունեության դաշտի ընդլայնումը տնտեսվարող սուբյեկտների համար ավելացնում է երկու երկրների տնտեսական աճի ներուժը»: Այդ համատեքստում կառավարության ղեկավարը խոսել է հաղորդակցության արդյունավետ կազմակերպման կարևորությունից` մասնավորապես, անդրադառնալով ճանապարհաշինության, տրանսպորտային բեռնափոխադրումների և մաքսային ոլորտում երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի:

Ռամազ Նիկոլաիշվիլին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և Հայաստանի վարչապետին փոխանցել նրա վրաց պաշտոնակցի ողջույնները: Նա ներկայացրել է ճանապարհաշինության ոլորտում Վրաստանի փորձը` մասնավորապես, խոսելով ճանապարհների անվտանգության ապահովման, սպասարկման, պահպանման և մրցույթների անցկացման մասին: Տիգրան Սարգսյանը նշել է, որ ճանապարհաշինության ոլորտում Վրաստանի փորձն օգտակար կլինի Հայաստանի համար:

Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային նշանակություն ունեցող, այդ թվում` ճանապարհաշինության ծրագրերի նախագծեր: Երկուստեք ընդգծվել է այդ ոլորտում տեղեկատվության և փորձի փոխանակման անհրաժեշտությունը: Արծարծվել են նաև Վերին Լարսի անցակետին առնչվող հարցեր, հայտնում է կառավարության մամլո ծառայությունը: