19 մարտի 2011 - 17:24 AMT
ԿԱՐԾԻՔ
Բաքվում մշակել են Արցախի հարակից շրջանների «բիզնես պլան»` «մոռանալով», որ դրանք ոչ մի կապ չունեն Ադրբեջանի հետ

Ադրբեջանը, զգալով իր ռազմատենչ հայտարարությունների անարդյունավետությունը, որոշել է ղարաբաղյան հիմնախնդրին մոտենալ «այլ կողմից»: Ուրբաթ օրը Վաշինգտոնում ադրբեջանցի փորձագետների խումբը ներակայացրել է «Լեռնային Ղարաբաղում հակամարտությունից հետո կարգավորման իրենց պատկերացումը»:

Ինչպես նշել է Ջահանջիր Հաջիևը, որը ղեկավարում է Ադրբեջանի միջազգային բանկը, առաջարկվել է «բիզնես պլան», որը «կարող է օրինակ ծառակել հետհակամարտային այլ տարածքների համար»:

«Մեր հաշվարկներով ԼՂ հարակից շրջանների հետհակամարտային վերականգնումն արժենալու է 28.4 մլրդ դոլար:Մեր տարածաշրջանի համար դա շատ թանկարժեք նախագիծ է, և տվյալ պահին միայն Ադրբեջանն է ի զորու այն իրագործել»,- ասել է Կովկասի Ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Էլդար Իսմայիլովը:

Միաժամանակ, ադրբեջանցի փորձագետները «մոռացել» են, որ այդ տարածքներն Ադրբեջանի հետ ոչ մի կապ չունեն և հաշվի չեն առել այն փաստը, որ Արցախի Հանրապետությունն ակտիվ զարգանում է տնտեսական, ռազմական և պետական առումներով, և միակ բանը, որը խանգարում է հանրապետության զարգացմանը, Ադրբեջանի կողմից շրջափակումն է: