22 մարտի 2011 - 19:12 AMT
Ճապոնիայում իրադրության կայունացման մասին դեռ շատ վաղ է խոսել, գտնում է Դմիտրի Բոբրոն

Ճապոնիայում «Ֆուկուսիմա-1» ԱԷԿ-ում իրադրության կայունացման մասին դեռ շատ վաղ է խոսել: Այդ մասին «Բնական և տեխնոգեն աղետների հետևանքները» Երևան-Մոսկվա-Կիև հեռուստակամրջի ժամանակ հայտնել է Չեռնոբիլի օտարացման գոտու գործերի պետական գործակալության ղեկավարի տեղակալ Դմիտրի Բոբրոն: Ընդ որում, համեմատելով ճապոնական ԱԷԿ-ի և Չեռնոբիլի ԱԷԿ-ի 1986 թվականի վթարները, փորձագետն ասել է, որ շրջակա միջավայր ռադիացիայի ելքի տեսակետից իրավիճակը Ճապոնիայում չի կարող հասնել Չեռնոբիլի աղետին: «Եթե խոսենք ՄԱԳԱՏԷ-ի դիտորդական խորհրդի սանդղակով դասակարգման մասին` դա կկազմի 6-րդ մակարդակը, միգուցե մի փոքր բարձր»,- ասել է Դմիտրի Բոբրոն:

Ռուսհիդրոմետի «Թայֆուն» ՀԿ գլխավոր տնօրեն Վյաչեսլավ Շերշակովն իր հերթին նշել է, որ Պեկինի, Տոկիոյի, Վաշինգթոնի, Մոնրեալի օդերևութաբանական կենտրոնների հաշվարկների տվյալներով, Ճապոնիայի ԱԷԿ-ի վթարի գոտուց աղտոտված զանգվածները հարակից երկրներ չեն թափանցել: