23 մարտի 2011 - 14:43 AMT
Մուամար Քադաֆին իսլամական բանակներին օգնության է կանչում «խաչակիրների» դեմ պատերազմում

Մարտի 22-ին լիբիացի ժողովրդին ուղղված հեռուստաուղերձի ժամանակ երկրի առաջնորդ Մուամար Քադաֆին կոչ է արել հարևան երկրներին միավորվել Արևմուտքի դեմ պատերազմում, հաղորդել են Լիբիայի ԶԼՄ-ները: Գնդապետի ելույթը հեռարձակվել է Բաբ Ազիզիայի ռազմական բազայից, որն արդեն մի անգամ ենթարկվել է ավիացիոն հարձակման:

Քադաֆին կոչ է արել Լիբիայի մայրաքաղաքում գտնվող կողմնակիցներին դիմադրել մինչև վերջ: «Բոլոր իսլամական բանակները պետք է մասնակցեն այդ մարտին»,- հայտարարել է նա և խոստացել հաղթանակ տանել հակառակորդների նկատմամբ: Հիմա, Քադաֆիի խոսքերով, ընթանում է «նոր պայքար խաչակիրների դեմ», որն Արևմուտքը սկսել է ողջ մահմեդական աշխարհի դեմ, հաղորդում է ՌԲԿ-ն:

2011-ի մարտի 19-ին 5 արևմտյան երկրների կոալիցիան` ԱՄՆ, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Կանադա, Իտալիա, սկսել է հրթիռային հարվածներ հասցնել Լիբիայի տարածքին ՄԱԿ ԱԽ բանաձևին համապատասխան, որը արգելում է այդ երկրի կառավարության բանակի ռազմական ինքնաթիռներին թռչել նրա տարածքի վրայով: