23 մարտի 2011 - 17:57 AMT
UITE-ն կծանոթացնի հայ գործարարներին առաջատար տեխնոլոգիական լուծումների հետ

Ներկայիս մրցակցային միջավայրում ծառայությունների որակի և բիզնեսի արդյունավետության բարձրացումը, հաճախորդների, գույքի և ակտիվների կառավարումը կարևորագույն գործոններ են բիզնեսի հաջողության համար: Նմանատիպ խնդիրների լուծումն այսօր մեծապես կապված է բիզնեսի տեխնոլոգիական վերազինումից:

Հաշվի առնելով վերոնշյալը՝ Ինֆորմացիոն tեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (UITE) ձեռնարկում է նոր նախագիծ` «Տեղեկատվական տեխնոլոգիաները բիզնեսի համար» թեմատիկ հանդիպումների շարք, որի նպատակն է տնտեսության տարբեր ոլորտների գործարարներին ներկայացնել կիրառելի տեխնոլոգիական լուծումները, ինչպես նաև նրանց մշտապես իրազեկ պահել տեխնոլոգիական նորություններին:

Միջոցառման շրջանակում յուրաքանչյուր ամիս շահագրգիռ բիզնես ձեռնարկությունների համար կանցկացվի թեմատիկ հանդիպում ՏՀՏ ընկերությունների հետ, որի ընթացքում գործարարները հնարավորություն կունենան ծանոթանալու իրենց հետաքրքրող տեխնոլոգիական բոլոր լուծումներին մեկ վայրում, ինչպես նաև համատեղ քննարկել փոփոխվող շուկայի պայմաններում պահանջները նոր տեխնոլոգիաների նկատմամբ:

Հանդիպումների շարքի շրջանակում կընդգրկվեն հետևյալ ոլորտները` բանկեր, շինարարություն, բժշկություն և ֆարմացևտիկա, հանքարդյունաբերություն, ոսկերչություն, առևտուր/պահեստավորում, ապահովագրություն, սննդային արդյունաբերություն, ոչ սննդային արդյունաբերություն, տրանսպորտ, տուրիզմ, գյուղատնտեսություն, կրթություն:

Միջոցառման անդրանիկ հանդիպումը տեղի կունենա 2011-ի մարտի 25-ին ու 31-ին և նվիրված կլինի տեխնոլոգիաների կիրառմանը բանկային ոլորտում: Լրագրողների համար տեղի կունենա ճեպազրույց, որը կվարեն ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը և Հայաստանի Բանկերի Միության տնօրեն Սեյրան Սարգսյանը: Միջոցառումը կանցկացվի Հայաստանի Բանկերի միության գրասենյակի դահլիճում:

Անդրանիկ հանդիպման ընթացքում բանկային ոլորտին ուղղված տեխնոլոգիական լուծումներ կներկայացնեն iCON Communications, GNC-Alfa, Norq, CQG IMA, Shirak Technologies/SAP, Apaga Technologies, FlexAp, McAfee, EpygiArm, ArmSoft, Lime Tech, CHS Vericell, Damaris, Smart Tech, Alfa/Polycom ընկերությունները: Միջոցառումը կիրականացվի Հայաստանի Բանկերի Միության և ՀՀ Կենտրոնական Բանկի աջակցությամբ, հաղորդում է UITE մամլո ծառայությունը: