24 մարտի 2011 - 13:40 AMT
Արցախ ուղևորվող ինքնաթիռների ոչնչացումը կնշանակի պատերազմի սկիզբ, հայտարարել է Կիրո Մանոյանը

Ադրբեջանը հիմարություն կանի, եթե իսկապես ոչնչացնի քաղաքացիական ինքնաթիռները, որոնք վայրէջք կկատարեն Ստեփանակերտի օդանավակայանում: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերով գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը: Նրա խոսքերով, Արցախ ուղևորվող ինքնաթիռների ոչնչացումը կնշանակի տարածաշրջանում նոր պատերազմի սկիզբ: «Մենք չենք կարող բացառել, որ Ադրբեջանը կգնա այդ քայլին, այդ մասին սպառնալիքներն արդեն վտանգավոր են, և միջազգային հանրությունը, մասնավորապես ԵԱՀԿ ՄԽ համանախագահները պետք է քննադատեն Ադրբեջանի այդ հայտարարությունները»,- ասել է Մանոյանը:

Նախօրեին Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը քննադատել է ադրբեջանական կողմի հայտարարությունը և նշել, որ դեպի Արցախ թռչող քաղաքացիական ինքնաթռիները ոչնչացնելու սպառնալիքն անընդունելի է:

Ադրբեջանի քաղավիացիայի պետական աշխատակազմի տնօրեն Արիֆ Մամեդովը հայտարարել է, թե ադրբեջանական կողմն արդեն իսկ հասցրել է բողոքել Քաղավիացիայի միջազգային կազմակերպությանը՝ ICAO: «Մենք հայտնել ենք, որ մեր օդային տարածքը Ղարաբաղի վրա փակ է: Ըստ «Ավիացիայի մասին» օրենքի, նախատեսվում է ֆիզիկապես ոչնչացնել այդ տարածքում վայրէջք կատարող ինքնաթիռները»,-հայտարարել է Մամեդովը: ԼՂՀ օդանավակայանը կընդունի և բաց կթողնի ինքնաթիռներ 2011-ի մայիսից: