Երևանում` Ազատության հրապարակում, վրան է տեղադրվել «Ժառանգություն» կուսակցության հացադուլ հայտարարած առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի համար: Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին է հաղորդել «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանը, վրանի տեղադրմանը մասնակցել է մի քանի հարյուր մարդ` հասարակական գործիչներ, իրավապաշտպաններ, ակտիվիստներ և կուսակցության անդամներ: Նա նշել է, որ հրապարակի տարածքում ոստիկանության մասշտաբային կուտակում կար, և «դժվար թե հասարակական կարգը պահպանելու համար», սակայն տեսնելով ժողովրդի նման քանակություն` ոստիկանությունը չխոչընդոտեց վրանի տեղադրմանը:
Ընդ որում, Սաֆարյանն ավելացրել է, որ ոստիկանության վարքն անհանգստացրեց իրեն, սակայն նշել է, որ չի կարող ասել, թե ինչպիսի գործողություններ կձեռնարկեն իրավապահ մարմինները: «Չեմ կարծում, որ իշխանությունները հրաժարվել են իրենց մտադրություններից: Թե ինչպիսի դրսևորումներ կստանա դա, ցույց կտա ժամանակը»,- նկատել է նա:
Ավելի վաղ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը հայտարարել էր, որ ՀՀ քաղաքացի Րաֆֆի Հովհաննիսյանի` հացադուլ իրականացնելու ընթացքում մեկ վրան կամ մեկ հովանոց տեղադրելու արգելքը գնահատում է որպես մարդու իրավունքների խախտում, իսկ ՀՀ ոստիկանության գործողությունները համարում է ոչ իրավաչափ: