25 մարտի 2011 - 17:36 AMT
Դիկ Ադվոկատը գոհ կլինի ռուս ֆուտբոլիստների նվազագույն հաշվով ձեռք բերած հաղթանակից

Վաղը մենք բաց ֆուտբոլ կտեսնենք, քանի որ երկու թիմերն էլ գեղեցիկ և հարձակողական խաղ են ցուցադրում: Այդ մասին Հայաստան-Ռուսաստան ֆուտբոլային հանդիպմանը նախորդած մամլո ասուլիսում հայտնել է Ռուսաստանի հավաքականի մարզիչ Դիկ Ադվոկատը: Նա նշել է, որ ռուս ֆուտբոլիստները պատրաստ են խաղին, քանի որ իրենց ակումբներում բավականաչափ հանդիպումներ են անցկացրել այս խաղից առաջ: «Վաղվա խաղը ցույց կտա, թե արդյոք ես գոհ եմ թիմից: Ես վստահ եմ միայն մի բանում, որ վաղը երկու թիմերն էլ կանեն ամեն ինչ, որպեսզի հաղթեն»,-ասել է Ադվոկատը: Հոլանդացի մարզիչը նշել է, որ ինքը գոհ է իր սաներից` ավելացնելով, որ «Հայաստանը միայն մեկ արտագնա հանդիպում է անցկացրել, ևս երկու խաղ` սեփական հարկի տակ, և հավանաբար, նույնպես լավ խաղ կցուցադրի»:

Նրա կարծիքով, ժամանակակից ֆուտբոլում չկան թույլ թիմեր, և եթե վաղը ռուսական թիմը 1:2 հաշվով հաղթանակ տանի, ինքը գոհ կլինի:

Եվրոպայի 2012 թվականի առաջնության նախընտրական մրցաշարի Հայաստան-Ռուսաստան հանդիպումը կկայանա մարտի 26-ին Երևանում: B խմբում Ռուսաստանի հավաքականը 9 միավոր ունի և առաջին տեղում է, իսկ 7 միավոր վաստակած Հայաստանի հավաքականը` երրորդ: